


Արմինֆո. Հուլիսի 28-ին մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Ողջունելով դեսպանին՝ պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը։
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր՝ անդրադառնալով ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանը, կալանքի կիրառման պրակտիկային, բռնի տեղահանված և անհայտ կորած անձանց իրավունքներին, ինչպես նաև ատելության խոսքի կանխարգելմանն առնչվող և մի շարք այլ խնդիրների։
Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։



