
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
«Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։ Այս պահին նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։
Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:
Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հաղորդել էին, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում հայտնաբերվել են աղիքային վարակի դեպքեր, արձանագրվել է հոսպիտալացման 6 դեպք: Ընդհանուր առմամբ, հանրապետական շտապ օգնությունը մեկ գիշերվա ընթացքում ստացել էր 15 կանչ ։ Ավելի ուշ ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հաղորդել էր, որ պարբերաբար "Վեոլիա Ջուր"-ի կողմից մատակարարվող ջրի փորձաքննություն է իրականացրել: Նրա խոսքով՝ հայտնի է դարձել, որ ամառային գրաֆիկի ժամանակ, երբ ջուրը բավարար չի լինում, ընկերությունը սկսել է այն խառնել բարձր կոշտություն ունեցող արտեզյան ջրի հետ ։ Այսպիսով, ինչպես ուշադրություն էր հրավիրել արդարադատության նախկին նախարարը, երկրի տարբեր բնակավայրերում այդ ցուցանիշը գերազանցել է Առողջապահության նախարարության կողմից սահմանված թույլատրելի մակարդակը: Իրավիճակի առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել "Վեոլիա Ջուր" ընկերությունը, վստահեցնելով, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շուրջօրյա շարունակական հսկողության ներքո և համապատասխանում է անհրաժեշտ նորմատիվներին: