


Արմինֆո.Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես հաղորդել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից, միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Կապանը երիտասարդական մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակ է ստացել ԱՊՀ կազմավորման 35-ամյակի տարում: "Սա միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման գործում քաղաքի ունեցած ավանդի արժանի ճանաչումն է ։ Կապանը բազմիցս դարձել է Համագործակցության երկրների երիտասարդների հանդիպման վայր։ Այստեղ տեղի է ունեցել Երիտասարդության հարցերի խորհրդի նիստը, իրենց հեղինակային աշխատանքները ներկայացրել են "100 գաղափար ԱՊՀ-ի համար" նախագծի եզրափակիչ փուլի մասնակիցները: Ընթացիկ տարում պատմական և գեղատեսիլ Կապանը, որը շրջապատված է վեհաշուք լեռներով, նույնպես դարձել է ակտիվ, տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդների ձգողության կենտրոն", - նշել է Լեբեդևը։
Աղբյուրի համաձայն, ծրագրի կենտրոնական իրադարձություններից էր "Հայկական ժառանգություն" շարքի նամականիշի մարման արարողությունը, որի վրա պատկերված է Կապանի քաղաքային բնապատկերն ու Խուստուփ լեռը:
Հիշեցնենք, որ Կապանը Երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ:



