


Արմինֆո. Հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել է տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով:
Նիստի ընթացքում դատավորը, հղում անելով Սահմանադրական դատարանի որոշմանը, հիշեցրել է, որ Դավիթ Ղազինյանն այլևս պատգամավորի կարգավիճակ ունի, ինչի առնչությամբ չի կարող պահվել անազատության մեջ: "Դատարանը, հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, արձանագրում է, որ մեղադրյալ Դավիթ Ղազինյանը ձեռք է բերել Հայաստանի ԱԺ պատգամավորի կարգավիճակ, հետևաբար, դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումն այլևս չի կարող կիրառվել: Դատարանը նաև որոշում է կայացրել, որ տնային կալանքից բացի այլ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա", - նշել է դատավորը ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 6-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար: Կոմիտեում նման որոշումը հիմնավորել էին ստացված տեղեկություններով, թե, իբր, "Դավիթ Ղազինյանն իրենց քաղաքական ուժի կողմնակիցների հետ ընտրակաշառք են տվել": Հունիսի 17-ին ԿԸՀ-ը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը, իսկ հունիսի 18-ին Ղազինյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով ։



