
Արմինֆո.Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մտադիր է ստուգում իրականացնել «Մարիոթ» հյուրանոցային համալիրում՝ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո:
Ինչպես ԱրմԻնֆո-ին պարզաբանել են տեսչական մարմնի մամուլի ծառայությունում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ս․թ․ հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:
«Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա, առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով, բրուսկետա սննդատեսակներից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել է գործողություններ՝ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը:
Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ստացվել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:
Նկատի ունենալով, որ արձանագրված դեպքի մասին Տեսչական մարմնին տեղեկատվությունը փոխանցվել է գրեթե 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել: Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը և առաջնորդվելով հանրային առողջության պահպանման հրամայականով՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն», - ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել էին Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը: Դիվանագիտական ներկայացուցչությունից հաղորդել էին, որ 2026 թվականի հուլիսի 14-ին Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությանը ներկա հյուրերը հաղորդել էին սննդային թունավորման ախտանիշների մասին։