
Արմինֆո. Մատենադարանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադիր, նշանավոր հոգևորական, գիտնական Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Կոնգրեսին մասնակցում են աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ։
Բացման արարողության ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հայագիտության կարևոր խնդիրների շուրջ քննարկումներն ու ինստիտուցիոնալ աշխատանքները։ Հիշեցնելով, որ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում հոգևոր ժառանգության պահպանման հարցերը բարձրացվել էին առաջին կոնգրեսի ժամանակ, որից հետո ձեռագրական կենտրոնների խնդիրները գույքագրվել են, քննարկվել են լուծումները՝ նախարարը շեշտել է, որ կոնգրեսը հայագիտության զարգացման գործուն հարթակ է դարձել։
«Երեք տարվա փորձառությունը բավարար հիմք է՝ խոսելու հայագիտության ոլորտում ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների ամրագրման և հետևողական աշխատանքի իրականացման մասին։ Հայագիտական համայնքը ընդլայնվում և զարգանում է, որը ևս կոնգրեսի ձեռքբերումներից է։ Ուրախ եմ, որ հայագիտության առաջմղման գործում միասին ենք»,- ասել է նախարարը։
Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում Մատենադարանի գիտական մասնաշենքում բացվել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հատուկ ցուցադրություն: Մատենադարանի թանգարանում նախատեսվում է նաև «1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցադրությունը: Կանցկացվի նաև գրքատոն, որի ընթացքում կներկայացվեն հայագիտական նոր հրատարակությունները և Մատենադարանի հրատարակչական նորույթները:
Հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակն ընդգրկված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2026 թվականի հոբելյանական ծրագրերի ցանկում։
Նշենք, որ կոնգրեսն անցկացվում է հուլիսի 22-24-ը Մատենադարանում ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում Իտալիայի դեսպանատան և հայ հոգևոր ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների աջակցությամբ: