


Արմինֆո. 2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
Ինչպես հաղորդում է «ՀայՓոստ» ընկերության մամուլի ծառայությունը, 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, մարզիչ Նիկիտա Սիմոնյանը (1926-2025թթ.)՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարի խորապատկերին: Նամականիշի վրա առկա են նաև «100 ԱՄՅԱԿ» և «ՆԻԿԻՏԱ (ՄԿՐՏԻՉ) ՍԻՄՈՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշի դիզայնը մշակել է Վահագն Մկրտչյանը։ Այն տպագրվել է bpost Philately & Stamps Printing տպարանում (Բելգիա)։ Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ։ Տպաքանակը՝ 10 000 հ.։
Նշենք, որ Նիկիտա Սիմոնյանը խորհրդային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից և մարզիչներից մեկն է: Ծնունդով արմավիրցին դարձել է Մոսկվայի "Սպարտակի" լեգենդը, չորս անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում՝ որպես խաղացող, երկու անգամ ՝ որպես գլխավոր մարզիչ ։ Նիկիտա Սիմոնյանը 1973-1974 թվականներին գլխավորել է Երևանի "Արարատը", ում հետ ակումբը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Նա "Արարատում" աշխատել է նաև 1984-1985 թվականներին։
Բաց աղբյուրների տվյալների համաձայն, ԽՍՀՄ առաջնություններում Սիմոնյանը որպես խաղացող անցկացրել է 285 հանդիպում, խփել է 145 գոլ: Նա "Սպարտակի" կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն 1952, 1953, 1956 և 1958 թվականներին, ԽՍՀՄ գավաթակիր ՝ 1950 և 1958 թվականներին ։ Սիմոնյանը "կարմիր-սպիտակների" պատմության լավագույն ռմբարկուն է ՝ 160 գոլով: Երկար տարիներ Սիմոնյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում և եղել է ՌՖՄ առաջին փոխնախագահը: Անվանի մարզիկը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին ՝ 99 տարեկան հասակում։



