


ԱրմԻնֆո. Խոսրովի անտառի պետական արգելոցի տեսախցիկները կրկին ֆիքսել են կովկասյան ընձառյուծի, որը Հայաստանի ամենահազվագյուտ և ամենագեղեցիկ գիշատիչներից մեկն է: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Նախարարի խոսքով՝ նոր կադրերը Հայաստանի հարուստ կենսաբազմազանության ևս մեկ ապացույց են:
«Այս եզակի լուսանկարները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր երկրի բնությունը շարունակում է պահպանել իր եզակի կենսաբազմազանության արժեքները, և որ իրականացվող պահպանության միջոցառումները տալիս են շոշափելի արդյունքներ», - գրել է Մաթևոսյանը:
Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում՝ որպես վտանգված տեսակ: Վերջին տարիներին տեսախցիկները բազմիցս գրանցել են գիշատչի ներկայությունը Խոսրովի անտառում, ինչը մասնագետները համարում են համապատասխան բնակավայրի պահպանման և հազվագյուտ տեսակը պաշտպանելու միջոցառումների արդյունավետության ապացույց:



