


Արմինֆո. "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պահանջում է իր գործով բաց դատավարություն: Այդ մասին ասվում է Թեւանյանի հայտարարությունում, որը տարածել է "Մայր Հայաստան" կուսակցության մամլո ծառայությունը:
Հիշեցնելով, որ այսօր իր կալանավորման հարցով դատական նիստ է տեղի ունենալու, նա սարկազմով հետաքրքրվել է, թե այս անգամ ինչ «հեքիաթ են հորինելու», որպեսզի իրեն անազատության մեջ պահեն: «Սրանք «կարած» գործի մեջ «պետական գաղտնիք», «պետական դավաճանություն» ահասարսուռ և սրտաճմլիկ ձևակերպումներն են օգտագործել, որպեսզի դատական նիստը փակ անցկացնեն: Ես պահանջում եմ բաց դատավարություն, թող ժողովուրդը լսի, թե ինչ անհեթեթություններ են դուրս տալիս և ինչ «փուչիկ» մեղադրանք են ներկայացնում: Եթե համոզված են, որ ճիշտ են, ապա ինչո՞ւ են փակ դատեր անում: Բա թող բացեն հանրության աչքերն ու ցույց տան, թե ինչն ինչոց է, ինչո՞ւ են իմ անմեղության կանխավարկածը խախտում` դրանով իսկ ինձ հնարավորություն տալով պնդել օրվա իշխանության սրիկայության կանխավարկածը» ,- հարցրել է նա:



