
Արմինֆո. "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը մտադիր է աջակցել ֆիլմերի տարածաշրջանային դիստրիբուցիայի զարգացմանը: Այդ մասին կինոփառատոնի փակման արարողության ժամանակ հաղորդել է "Ոսկե ծիրանի" համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը:
Նա պատմել է, որ կինոփառատոնն այս տարի սահմանել է նոր մրցանակ, որը կնպաստի Հայաստանի և Վրաստանի կինոթատրոններում ֆիլմերի վարձույթին: Հարությունյանի խոսքով՝ նման նախաձեռնության կարեւորությունը դժվար է գերագնահատել ՝ հաշվի առնելով դիստրիբուցիային առնչվող խնդիրները ոչ միայն այդ երկրներում, այլեւ՝ ընդհանրապես տարածաշրջանում։
"Ոսկե ծիրանի" նոր մրցանակը նախատեսում է 6 հազար եվրո դրամական պարգև, որը կուղղվի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված մեկ ֆիլմի վարձույթի կազմակերպմանը Հայաստանի և Վրաստանի 6 քաղաքների կինոթատրոններում: Եվ այս ֆիլմը, ինչպես ներկայացրել են ժյուրիի անդամները, Թերեզա Նվոտովայի "Հայրը" հոգեբանական դրաման է (Սլովակիա, Չեխիա, Լեհաստան):
Հիշեցնենք, որ "Ոսկե ծիրան" 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվել է հուլիսի 13-19-ը: Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։
Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ «Չորացած տերևը» նաև արժանացել է FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։
Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմին։ Վերջինս արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Անվանակարգում «Արծաթե ծիրան» ստացել է Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։ Ժյուրին նաև հատուկ հիշատակումներ է շնորհել Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերին։