


Արմինֆո.Հուլիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վանդալիզմի ակտ կատարած անձը կալանավորվել է: Այդ մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։
Աղբյուրը գրում է, որ անվտանգության ուժերի կողմից ձերբակալված Մ.Կ.-ն դատարանի որոշմամբ կալանավորվել է, սակայն գերեզմանոցում վանդալիզմի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքարանը Facebook-ի իր էջում հաղորդել էր, որ հուլիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը անհայտ անձը մուտք է գործել գերեզմանատան տարածք և վնասել վեց տապանաքար և մեկ աղբյուր:
Պատրիարքարաը դատապարտել էր այդ արարքը ՝ նողկալի համարելով հարձակումը սրբազան արժեքների և հավերժական հանգստի վայրերի վրա: Նաև հույս էր հայտնվել, որ մեղավորը պատասխանատվության կենթարկվի։
Բաց աղբյուրների տվյալների համաձայն, Ուսքյուդարը Ստամբուլի պատմական շրջաններից մեկն է, որտեղ մինչև Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրել են մի քանի տասնյակ հազար հայեր:



