


ԱրմԻնֆո. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների շտաբի կառավարիչ տնօրեն և ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը:
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ նա նաև ողջունել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի կողմից Հայաստանում նոր ԵՄ գործընկերության առաքելություն ստեղծելու որոշումը:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին շարունակական աջակցության համար՝ ընդգծելով դրա կարևորությունը Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում:
Իր հերթին Տոմատոն ընդգծել է ՀՀ ներքին գործերի նախարարության հետ հաստատված սերտ գործընկերությունը: Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ոլորտները՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը աջակցելու Ներքին գործերի նախարարությանը տարբեր ոլորտներում:
Կողմերը քննարկել են կիբեռհանցագործության դեմ պայքարում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Սարգսյանը ներկայացրեց այս ոլորտում նախարարության նպատակային աշխատանքը և գրանցված արդյունքները։
Քննարկումը ընդգրկեց ապատեղեկատվությանը, տեղեկատվական միջամտությանը, ճգնաժամային կառավարմանը և ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։



