
Արմինֆո. ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Ինչպես նշվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում, սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ, միջազգային փորձագետների կողմից ներկայացվել է սահմանների համալիր կառավարման եվրոպական կոնցեպտն ու դրա պարտադիր բաղադրիչները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասու մարմինների հետ աշխատանքները ակտիվացնելու և գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը տրվել էր 2024 թվականի դեկտեմբերին ։ Բանակցությունները վարել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները: ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու համար կարևոր նշանակություն ունեցող առանցքային ոլորտներում փոխգործակցության առանցքային ուղղություններից են բարեփոխումները: Այս ոլորտները ներառում են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, շարժունակության և ապաստանի քաղաքականությունը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Կողմերն այն ժամանակ երկուստեք հաստատել են, որ գործընթացը վերջնաժամկետ չունի բանակցություններն ավարտելու համար ։ Նոյեմբերի 5-ին ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ։