


Արմինֆո. Բրյուսելում ընթանում է "Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորագրով խորհրդաժողով: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։
Նշվում է, որ խորհրդաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին և քաղբանտարկյալներին առնչվող իրավիճակի արդիական գնահատականը:
Համակազմակերպիչներն են Եվրախորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը և Միրիամ Լեքսմանը, իսկ կազմակերպչական աջակցությունը տրամադրում է EAFJD-ն:
Միջոցառմանը ներկա է 2023 թվականի սեպտեմբերի վերջին ադրբեջանցիների կողմից պատանդառված Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։



