


ԱրմԻնֆո: Դիլիջանի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատորը:
Խափանումը պայմանավորված էր երեկ գիշեր գրանցված անբարենպաստ եղանակային պայմաններով, որոնց պատճառով տեղի գետը դուրս էր եկել ափերից:
«Քանի որ քաղաքի ջրամատակարարումը կատարվում է գետի մակերեսային ջրերից, և «Վեոլիա Ջուր»-ի ջրամաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջուրը մաքրելու համար, Դիլիջանի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է՝ սպառողների անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վեոլիա Ջուր»-ի մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ իրավիճակը արագ կայունացնելու և ջրամատակարարումը վերականգնելու համար:



