


Արմինֆո.ՀՀ քաղաքաշինության կոմիտեին առընթեր Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է հայ մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100 - ամյակին նվիրված ցուցահանդես: Այդ մասին հաղորդել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև Ջիմ Թորոսյանի ժառանգները և քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչներ:
Իր բացման խոսքում թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանն ընդգծել է Ջիմ Թորոսյանի նշանակալի դերը 20-րդ դարի հայ ճարտարապետության պատմության մեջ, նրա բացառիկ տաղանդը, ստեղծագործական լայն հորիզոնները և ճարտարապետական հարուստ ժառանգությունը: Նա նշել է, որ սա Ջիմ Թորոսյանի արդեն երկրորդ հոբելյանական ցուցահանդեսն է, որը կազմակերպվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Ցուցահանդեսի համակարգող, ճարտարապետ Կարեն Բալյանը ներկայացրել է ցուցահանդեսի գաղափարը, օգտագործված եզակի լուծումները, ապա շրջայց է անցկացրել պատվավոր հյուրերի համար ՝ ներկայացնելով ցուցանմուշների պատմությունը: Ցուցահանդեսը ցուցադրում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հավաքածուի բնօրինակ, նախկինում չցուցադրված նախագծերը, ճարտարապետական հուշարձանների գծագրերը և քաղաքային համայնապատկերները՝ ընտանեկան արխիվից, ինչպես նաև անհատների անձնական արխիվներից հավաքված բացառիկ նյութեր: Այստեղ ներկայացված են Երևանի այցեքարտ դարձած կառույցների նախագծերը՝ "Կասկադ" համալիրը, մետրոպոլիտենի "Հանրապետության հրապարակ" կայարանը, քաղաքապետարանի շենքը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր մուտքը և Ջիմ Թորոսյանի ստեղծած այլ կառույցներ: Ցուցադրվել է նաև Ջիմ Թորոսյանի հետ տեսահարցազրույցների շարքը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը:



