
Արմինֆո. Աշոտ Դանիելյանը հայտնել է, որ երկար մտորումներից, քննարկումներից և խորհրդակցություններից հետո որոշում է կայացրել հրաժարական տալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:
«Այս որոշումն ինձ համար հեշտ չի կայացվել: 2025 թվականի մայիսի 21-ին ես ստանձնեցի այս պաշտոնը ոչ թե անձնական շահի, քաղաքական ամբիցիաների կամ պաշտոն զբաղեցնելու ցանկությունից դրդված։ Այս որոշումը կայացնելիս իմ նպատակն էր պետական ինստիտուտների պահպանման հարցը կախված վիճակում չթողնելը, հատկապես այն ժամանակ, երբ Արցախի պետական կառույցների շարունակականությունը, քաղաքական ձայնն ու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը լրջագույն սպառնալիքի տակ են։ Իմ յուրաքանչյուր որոշում և գործողություն ուղղված է եղել մեկ նպատակի՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետությունում ստեղծված նոր իրականության պայմաններում պետականության շարունակականության պահպանմանը»,- ասված է Դանիելյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում Արցախի խորհրդարանի էջում։
Նրա խոսքով՝ այս ողջ ընթացքում ինքը ղեկավարվել է բացառապես ազգային շահերով և արցախահայության հանդեպ ունեցած իր պատասխանատվությամբ։
«Բռնի տեղահանությունից հետո, երբ հայտնվեցինք Հայաստանում, ես, ինչպես շատ ուրիշներ, կարող էի կենտրոնանալ միայն ընտանիքիս վրա, սկսել նոր կյանք, նոր աշխատանք և ապահովել մեր ապագան։ Դա ինձ համար շատ ավելի հեշտ ճանապարհ կլիներ։ Բայց ես ընտրեցի ոչ թե հեշտ, այլ պարտադիր ճանապարհը։ Ես ստանձնեցի այս բեռը՝ հասկանալով, որ ամենադժվար պահին ինչ-որ մեկը պետք է շարունակի կրել պետական պատասխանատվությունը, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները և պահպանել արցախյան պետականության գաղափարը։ Ես չէի կարող թույլ տալ, որ պետական ինստիտուտների պահպանման հարցը անտեսվեր և արհամարհվեր ստեղծված բարդ պայմաններում։
Շատ դեպքերում նրանք, ովքեր Արցախի լավագույն ժամանակներում պատրաստ էին ցանկացած քայլի դիմել պաշտոն ստանալու համար, այս ճանապարհին իմ կողքին չեղան։ Երբ պաշտոնը հնարավորություն էր, ազդեցություն ու արտոնություն, շատերն էին ուզում այն ստանալ։ Երբ աշխատանքը դարձավ պայքար, ճնշում, անտանելի պատասխանատվություն ու անձնական զոհողություն, շատերը պարզապես հեռացան։ Ես երբեք չեմ ձգտել պաշտոնի։ Ես մնացի և շարունակեցի պայքարել, քանի որ ինձ պարտավորված էի զգում հորս հիշատակի, մեր ժողովրդի և Արցախի հանդեպ»,- հավելել է Դանիելյանը։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, վերջին շրջանում իր շուրջը պտտվող կեղծ ու արհեստական լուրերը, ամենուր տարածվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները նույնպես ազդել են այս որոշման վրա։ «Ես չեմ ցանկանում, որ իմ դեմ ուղղված նպատակաուղղված արշավը որևէ կերպ ստվեր գցի Արցախի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների և Ազգային ժողովի հեղինակության վրա։
Երբ բացակայում է անհրաժեշտ միասնությունն ու ընդհանուր պատասխանատվությունը, մեկ կամ մի քանի հոգի չեն կարող մշտապես կրել ամբողջ ծանրությունը։ Հետևաբար, այս որոշումը նաև գիտակցված քայլ է՝ ուղղված պետական կառույցը անձնական շահարկումներից և արհեստականորեն ստեղծված հակասություններից զերծ պահելուն։ Այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
Այս հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախից։ Դա չի նշանակում հրաժարում մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունից և այն պայքարից, որի համար մեր ընտանիքն արդեն իսկ վճարել է կյանքով։ Այս պաշտոնը ժամանակավոր է։ Արցախը, մեր ժողովրդի ցավը, մեր հերոսների հիշատակը և նրանց հանդեպ ունեցած մեր պարտքը հավերժ են։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի կամքը հնարավոր չէ կոտրել։ Արցախի հարցը չի կարելի փակված համարել, քանի դեռ կա իր հայրենիքի իրավունքն ունեցող ժողովուրդ, քանի դեռ կա դրա վերադարձի պահանջը, և քանի դեռ մեր ընկած հերոսների հիշատակը պարտավորեցնում է մեզ չհանձնվել։ Համոզված եմ, որ Ազգային ժողովը և բոլոր պետական կառույցները կշարունակեն իրենց գործունեությունը՝ մնալով անսասան մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազգային նպատակների իրականացման գործում»,- հավելել է Դանիելյանը։