


Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվել են ռեկտորի մրցութային ընտրություններ: Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 քվեաթերթիկ անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը: Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է: Նշենք, որ «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի բաց մրցույթ:



