


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է 2013 թվականի իրադարձությունների կրկնությունը, երբ մեկ գիշերվա ընթացքում Հայաստանը հրաժարվեց եվրոպական ուղղվածությունից՝ դեպի Եվրասիական տնտեսական միություն:
Հուլիսի 2-ին Երեւանում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ մամլո ասուլիսում վարչապետը նշել է, որ իրադարձությունների նման զարգացում հնարավոր չէ, առավել եւս՝ հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը հստակ աջակցություն է ցուցաբերել երկրի ներկայիս իշխանություններին նախանշված քաղաքականությունների իրականացման գործում: Մյուս կողմից, շարունակել է վարչապետը, Երեւանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Հայաստանը, վարչապետի ասելով, չի անտեսում միջազգային գործընկերների շահերը, բայց, միևնույն ժամանակ, առաջնորդվում է սեփական շահերով:
Մեկնաբանելով երեկ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ ունեցած հեռախոսազրույցը ՝ Փաշինյանը հայտարարել է, որ զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկել երկկողմ օրակարգի արդիական հարցերը: "Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Քննարկված հարցերի շրջանակը ներկայացվել է հաղորդագրությունում: Պայմանավորվեցինք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կլինեն", - ասել է նա։



