
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Համբուրգի կայուն զարգացման համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրենի պաշտոնակատար Կառլ Սկաուի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են պարենային անվտանգության, հումանիտար օգնության տրամադրման և Հայաստանի պարենային համակարգի ամրապնդման ոլորտներում համագործակցությունը շարունակելու մտադրությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արտակարգ իրավիճակների նկատմամբ երկրի դիմակայունության բարձրացմանն ուղղված՝ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովմանը։
Աբիսողոմոնյանն ու Սկաուն ընդգծել են նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևորությունը՝ որպես համայնքների ամրապնդման և կայուն պարենային համակարգերի ձևավորման գործիք։ Կողմերը քննարկել են նաև համագործակցության հեռանկարները ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, որը կայանալու է Հայաստանում 2026 թվականի աշնանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հայկական նախագահության առաջնահերթություններն ու նախատեսվող միջոցառումները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի համակարգի շարունակական բարեփոխումների շուրջ՝ նշելով Համաշխարհային կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։ Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանի հետ համագործակցում է 1993 թվականից։ Վերջին տարիներին կազմակերպությունը հանրապետությունում իրականացնում է կայուն պարենային համակարգերի զարգացման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարձրացման և դպրոցական սննդի ազգային ծրագրի ընդլայնման ծրագրեր՝ այն աստիճանաբար փոխանցելով ՀՀ կառավարության կառավարմանը։
2010-2024 թվականների ընթացքում Ռուսաստանը 43 միլիոն դոլարի չափով ֆինանսավորել է Հայաստանում դպրոցական սննդի ծրագրի 4 փուլերը։ Այսօր իրականացվում է 5-րդ փուլը՝ ուղղված 2025-2030 թվականներին Հայաստանում կայուն սննդի համակարգի զարգացմանը՝ ՄԱԿ-ի ՊՀԾ հիմնադրամին Ռուսաստանի ավելի քան 25 միլիոն դոլարի նպատակային մասհանմամբ, ինչն ապահովում է որակյալ սնունդ ավելի քան 100 հազար դպրոցականների համար։ Ծրագիրն ուղղված է կայուն ազգային համակարգի ստեղծմանը։