


Արմինֆո.Քննչական մարմինը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ միջնորդության քննությունը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը 18:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում:
«Հիշեցնեմ, որ Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 5-ին, և դատարանը նրան կալանքի տակ էր վերցրել 1 ամիս ժամկետով։ Հաշվի առնելով նախորդ գործով կալանքի տակ գտնվելու 777 օրերը՝ ներկայիս ռեժիմի օրոք Արմեն Աշոտյանի անազատության մեջ գտնվելու ընդհանուր ժամկետն արդեն իսկ գերազանցում է 800 օրը»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում, որոշում էր կայացրել ձերբակալել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մի խմբի, որոնց թվում էր նաև Արմեն Աշոտյանը։ Նույն գործի շրջանակներում որոշում էր կայացվել կալանավորել նաև պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն՝ Արտեմ Խաչատրյանին, ինչպես նաև Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտորին ու պրոռեկտորին։



