


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսման, կայունացման և խաղաղապահության ենթահանձնաժողովի պատվիրակությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցեր՝ ընդգծելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։
Շեշտվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։ Այս համատեքստում հատկապես ընդգծվել է երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման և երկկողմ առևտրաշրջանառության ավելացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Կարապետյանը իր զրուցակիցներին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հետևողական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։



