
Արմինֆո. Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի քննությունը: Այս պահին կողմերը քննարկում են ՍԴ դատավորների հարցերը։
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հարցով դիմել է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին․ "Խնդրում եմ ձեզ պարզաբանել, թե ինչ ազդեցություն կարող էին ունենալ ընտրությունների արդյունքների, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա Ռուսաստանի Դաշնության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը ընտրություններից առաջ, և, նույնիսկ, շատ ավելի վաղ, որոնք, հիմնականում, պաշտպանում էին այս երեք ուժերին և, նույնիսկ, չէին թաքցնում դա, և ինչու՞ է այդ գործոնն անտեսվել ձեր միջնորդության փաստարկներում":
Հարցին պատասխանել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը: Նա կոչ է արել դադարեցնել հավասարության նշան դնել երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև։ "Մենք դիմում ենք ներկայացրել ընտրական գործընթացի խախտումների ծավալների մասին, որը գտնվում է Սահմանադրական դատարանի քննության փուլում։ Եվս վեց քաղաքական ուժեր ներկայացրել են դիմումներ, որոնցում ներկայացրել են խախտումների վերաբերյալ իրենց փաստարկները: Երեք քաղաքական ուժերի վերաբերյալ նարատիվը պատկանում է միայն մեկ կուսակցության՝ "Քաղաքացիական պայմանագրին"։ ՍԴ դատավորի կողմից դրա կիրառումը նոր փաստերի լույսի ներքո կարող է ինձ ստիպել դիմել դատարանին՝ Սեդա Սաֆարյանին այս լսումներից հեռացնելու պահանջով։
Ինչ վերաբերում է արտաքին միջամտությանը, ես ներկայացրել եմ կետերից մեկը և ուղիղ նշել, որ եղել է միայն մեկ դեպք, երբ քաղաքական ուժը անվանական աջակցություն է ստացել և այդ աջակցությունն օգտագործել է ընտրական գործընթացում: Երկու օտար պետությունների նախագահներն իրավունք չունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախընտրական գործընթացին՝ ոչ ըստ միջազգային իրավունքի, ոչ էլ ըստ ընտրական իրավունքի", - ասել է նա:
"Ուժեղ Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի հարցից հետո ՍԴ-ից հստակեցում է պահանջել, թե արդյոք խոսքը քաղաքական հարցի մասին է, թե՝ իրավական: Փաստաբանի խոսքով ՝ նման հարց կարող են դնել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչները, բայց ոչ՝ ՍԴ դատավորը։ Վարդևանյանը հայտարարել է, որ դատարանին կառաջարկի ևս մեկ անգամ քննարկել Սեդա Սաֆարյանի մասնակցությունն այդ գործընթացին: "Այն, որ նման հարց հնչում է ոչ թե հայտարարության շրջանակներում, այլ՝ որոշակի հակափաստարկի կամ համեմատության, մտահոգություն է առաջացնում դատավորի անաչառության վերաբերյալ", - ասել է Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ում քննարկվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայում պահանջող 7 քաղաքական ուժերի դիմումը։