
Արմինֆո.Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի՝ Իսրայելի կառավարության կողմից ճանաչման հարցում Բաքվի ներկայիս դեմարշն ավելի շուտ Անկարայի հետ համերաշխության պարտադիր ժեստ է, կարծում է իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։
Նա արձանագրել է, որ գրեթե մեկօրյա լռությունից հետո Բաքուն, այնուամենայնիվ, արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշմանը։ Քաղաքագետը հիշեցրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Երուսաղեմին վերանայել այդ որոշումը՝ հայտարարելով, թե այն «չի նպաստում հաշտեցմանը», «խորացնում է առկա հակասությունները» և «խոչընդոտում է կայուն խաղաղության հասնելուն»։
«Հենց ինքնին հայտարարությունն անակնկալ չէր։ Ադրբեջանի ռազմավարական դաշինքը Թուրքիայի հետ գործնականում Բաքվին այլ պաշտոնական դիրքորոշման տարածք չէր թողնում։ Շատ ավելի հետաքրքիր է մեկ այլ բան. արձագանքը հայտնվեց միայն մեկ օր անց։ Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ՝ դեռևս կառավարության նիստից առաջ Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը խորհրդակցություններ է անցկացրել ադրբեջանական կողմի հետ։ Եթե դա իրոք այդպես է, ապա Իսրայելը նախապես զգուշացրել է իր դաշնակցին սպասվող որոշման մասին և հասկանում էր, թե ինչպիսին կլինի Բաքվի պաշտոնական արձագանքը»,- նշել է Ցինկերը։
Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծում է, որ Թուրքիան ինքն արդեն վաղուց քանդել է Իսրայելի հետ հարաբերությունների նախկին ստատուս քվոն։ Ցինկերը հավելել է, որ հոկտեմբերի 7-ից հետո Անկարան փաստացի զբաղեցրել է քաղաքական հակառակորդի դիրք, իսկ նրա ղեկավարությունը բազմիցս անցել է հրեական պետության հասցեին ուղղված ուղղակի սպառնալիքների։
«Ուստի Թուրքիայի կարծիքը հազիվ թե արդեն կարողանար դառնալ մի գործոն, որն ունակ կլիներ ազդել իսրայելական կառավարության որոշման վրա։ Շատ ավելի կարևոր է մեկ այլ բան. Իսրայելն ընդունեց այս որոշումը՝ քաջ գիտակցելով, որ Անկարայից հետո քննադատությամբ հանդես կգա նաև ռազմավարական գործընկերը՝ Ադրբեջանը։ Երուսաղեմը ցույց տվեց, որ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները պատճառ չեն դառնա հրաժարվելու այն որոշումից, որն ինքը համարում է պատմականորեն և բարոյապես ճիշտ։
Բաքվի ներկայիս դեմարշն ավելի շուտ Անկարայի հետ համերաշխության պարտադիր ժեստ է։ Երուսաղեմի և Բաքվի հարաբերությունների ամրության իրական ցուցանիշը կերևա ոչ թե ԱԳՆ հայտարարություններով, այլ հաջորդ ռազմական պայմանագրերի ծավալներով և Ջեյհանից Հայֆա տանկերային մատակարարումների գրաֆիկով»,- ամփոփել է Ցինկերը։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն Ցեղասպանություն է ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները։ Նախաձեռնությունը հանդես էր բերել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Այժմ փաստաթուղթն ուղարկվելու է Կնեսետի հաստատմանը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Իսրայելի այս նախաձեռնության խիստ քննադատությամբ։ Հունիսի 29-ին հայտարարությամբ հանդես է եկել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ կոչ անելով Իսրայելին վերանայել իր այս դիրքորոշումը։