


Արմինֆո.Հայաստանի ներկայիս թուրքամետ վարչակարգը, սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները, դիմել է զանգվածային բռնաճնշումների ազգային գործիչների դեմ։ Այս մասին քրեակատարողական հիմնարկից գրել է «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիկ Չալաբյանը։
Նրա խոսքով՝ հարյուրավոր մարդկանց դեմ հարուցվել են շինծու գործեր ամենաանհեթեթ պատրվակներով։ «Ես նույնպես չխուսափեցի բռնաճնշումների այս ալիքից, բայց պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին հաստատակամորեն կկրեմ ինձ վրա դրված բեռը, քանի դեռ մեր երկրում չի հաղթանակել արդարությունը և տեղի չի ունեցել վերջնական ազատագրումը թուրքամետ բռնապետությունից։ Մեր բոլոր կողմնակիցներին մաղթում եմ ուժ, էներգիա և պայքարի անվախ ոգի՝ մինչև վերջնական հաղթանակ», - նշել է Ավետիկ Չալաբյանը։
Նշենք, որ ավելի վաղ Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Ավետիկ Չալաբյանին։ Կալանքի վայր է սահմանվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը։ Տեսակցությունները փակ են բոլորի համար, բացառությամբ փաստաբանների։ Նրա խոսքով՝ ներկայացված միջնորդությունն իր բոլոր հիմնավորումներով բավարար չէր կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչպես և առհասարակ որևէ խափանման միջոց ընտրելու համար։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի մայիսին Չալաբյանը մեկնել և հանդիպել է այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում համոզելու, ինչպես նաև իրենց նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու փաստով շահագրգռելու միջոցով դրդել է նրանց, որպեսզի վերջիններս, օգտագործելով իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, խոչընդոտեն 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում ձայնի իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։



