
Արմինֆո. Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը (MoHFW)՝ Մումբայի Ժողովրդագրական գիտությունների միջազգային ինստիտուտի (IIPS) հետ համատեղ, պաշտոնապես հրապարակել է 2023–2024 թվականների ժամանակահատվածի համար Ընտանիքի առողջության ազգային վեցերորդ հետազոտության (NFHS-6) նախնական վերլուծական թերթիկները (Fact Sheets): Հետազոտությունն ընդգրկել է շուրջ 6,79 լաքհ (679 հազար) տնային տնտեսություն երկրի 715 շրջաններում: Հետազոտության արդյունքները «ԱրմԻնֆո» գործակալությանը սիրով տրամադրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:
Եզրակացությունները արտացոլում են ինչպես զգալի առաջընթաց մայրության և մանկության պաշտպանության ոլորտում, այնպես էլ նոր մարտահրավերներ առողջապահական համակարգի համար: Հրապարակված տվյալների համաձայն՝ Հնդկաստանը նախորդ փուլի (NFHS-5) համեմատ ցուցադրել է հիմնական բժշկական և սոցիալական ցուցանիշների վստահ բարելավում:
Համաձայն հետազոտության՝ մայրության պաշտպանության և ծննդօգնության ոլորտում հիվանդանոցային (ինստիտուցիոնալ) ծնունդները երկրում աճել են 88,6%-ից մինչև 90,6%, իսկ նախածննդյան խնամքի ոլորտում հղիների հսկողության ընդհանուր ընդգրկվածությունը հասել է 95,9%-ի: Հղիության առաջին եռամսյակում հաշվառված կանանց մասնաբաժինը 70%-ից բարձրացել է մինչև 76,2%: Որակավորված բժշկական անձնակազմի կողմից ընդունված ծնունդների տոկոսը հասել է 91,3%-ի:
Հետազոտություններում կարևոր տեղ է զբաղեցնում պատվաստումների և մանկական առողջության ոլորտը: 12–23 ամսական երեխաների լիարժեք պատվաստումների ընդգրկվածությունն աճել է 83,8%-ից մինչև 87,1%, իսկ ռոտավիրուսային պատվաստումների մասով գրանցվել է կտրուկ թռիչք՝ 36,4%-ից մինչև 85,4%: Թերսնուցման կանխարգելման ոլորտում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում աճի հապաղման (stunting) մակարդակը նվազել է 35,5%-ից մինչև 29,3%: Սուր հյուծվածության (severe wasting) ցուցանիշն ընկել է 7,7%-ից մինչև 5,2%:
Ուսումնասիրություններում առանձնահատուկ տեղ է գրավում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման թեման: Այսպես, կյանքում գոնե մեկ անգամ ինտերնետից օգտված կանանց մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է՝ 33,3%-ից հասնելով 64,3%-ի: Սեփական բանկային հաշիվ ունեցող և այն ակտիվորեն օգտագործող կանանց տոկոսն աճել է մինչև 89% (նախկին 78,6%-ի համեմատ): Անվտանգության տեսանկյունից արձանագրվել է կանանց նկատմամբ կենցաղային և ամուսնական բռնության մակարդակի նվազում՝ 29,3%-ից մինչև 22,3%:
Ընտանիքի պլանավորումը նույնպես դարձել է հետազոտության կարևորագույն ոլորտներից մեկը: Ծնելիության գումարային գործակիցը (TFR)՝ երկրում ծնելիության ընդհանուր մակարդակը, կայունացել է և մնացել 2,0-ի սահմաններում, ինչը ցածր է սերունդների պարզ վերարտադրության մակարդակից (2,1):
Հետազոտության մեջ նշվում է, որ չնայած դրական միտումներին, առանձնանում են մի քանի օրհասական խնդիրներ. երեխաների շրջանում քաշի դեֆիցիտի նվազման ֆոնին Հնդկաստանում արագորեն աճում է ավելորդ քաշ և գիրություն ունեցող մեծահասակ բնակչության (հատկապես կանանց) մասնաբաժինը: Արձանագրվել է մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման մակարդակի տագնապալի անկում՝ 63,7%-ից մինչև 55,8%: 6-ից 23 ամսական երեխաների միայն 15,3%-ն է ստանում լիարժեք և սննդարարության տեսանկյունից ադեկվատ սնունդ:
Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության (MoHFW) պաշտոնական եզրակացությունները NFHS-6 հետազոտության արդյունքներով հանգում են երեք հիմնական դրույթի. մայրության ու մանկության պաշտպանության ոլորտում վստահ առաջընթաց, բուժման ընթացքում բնակչության ֆինանսական պաշտպանվածության ամրապնդում և ժողովրդագրական կայունացում: Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության (MoHFW) պաշտոնական եզրակացությունները հետազոտության արդյունքներով հանգում են երեք հիմնական դրույթի. Հնդկաստանում տեղի է ունենում վստահ առաջընթաց մայրության ու մանկության պաշտպանության ոլորտում, բուժման ընթացքում բնակչության ֆինանսական պաշտպանվածության ամրապնդում և ժողովրդագրական կայունացում: