
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա: Ըստ այդմ՝ նախատեսվող աշխատանքներն ուղղված են լինելու հուշարձանների, պատմական ժառանգության պահպանմանը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, տնտեսական արդյունավետության, ներդրումային գրավչության բարձրացմանը, զբոսաշրջության ակտիվացմանը և այլն:
Ընդգծվել է, որ Կոնդի վերակառուցման գործընթացի համար անհրաժեշտ է իրականացնել քաղաքաշինական կարգավորումներ, այդ թվում՝ գործառնական նշանակության փոփոխություն, ճակատների ճարտարապետական պահանջների սահմանում, հարկայնության և կառուցապատման չափորոշիչների որոշում և հանրային ներդրումներ, այդ թվում՝ հուշարձանների պահպանում, վերականգնում, փողոցային ցանցի արդիականացում, ինժեներական ենթակառուցվածքների, փողոցային լուսավորության և թաղամասի մուտքերի կազմակերպում:
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել թաղամասի զարգացման գործընթացում վերականգնման և կառավարման համալիր մոտեցումների կիրառմանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայեցակարգի հաջող իրականացման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր՝ ճշգրիտ համադրելով քաղաքաշինական, սոցիալական և տնտեսական գործոնները:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, հղում անելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հաղորդել էր, որ պատմամշակութային մեծ արժեք ունեցող Կոնդ թաղամասի վերակառուցման նախագիծը թևակոխել է գործնական իրականացման փուլ: Ավինյանի խոսքով՝ այսօր քաղաքի իշխանությունների խնդիրն է գրանցել տեղի բնակիչների սեփականության իրավունքը, որպեսզի բացառվեն նախագծի իրականացման ընթացքում կառուցապատողների հետ հնարավոր խնդիրները: "Արդեն ներկայացվել է անշարժ գույքի օբյեկտների օրինականացման 167 դիմում։ Կոնդի բնակիչների հետ քննարկել ենք շրջանի վերակառուցման ծրագրի և հայեցակարգի հետ կապված հարցերը: Այս երկար սպասված նախագծի հիմքում ընկած է մեկ նպատակ․ միավորել նորը ավանդական քաղաքային միջավայրի հետ ՝ միաժամանակ պահպանելով պատմական շրջանի սկզբնական կոլորիտը", - նշել է քաղաքապետը։
Նշենք, որ նախագիծը ժամանակին մշակվել է "Երևան նախագիծ" ինստիտուտի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանի կողմից: Դեռևս 2021 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր Երևանի Կոնդ թաղամասի կառուցապատման միջազգային բաց ճարտարապետաքաղաքաշինական մրցույթ։ Այս մրցույթը ծրագրի իրականացման մեջ ներդրողներ ներգրավելու արդեն երրորդ փորձն էր։ Նախագծի շրջանակներում առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ' ճարտարապետների, շինարարների, տնտեսագետների, սոցիոլոգների, իրավաբանների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև նկարիչների, քանդակագործների, ազգագրագետների, պատմաբանների մասնակցությամբ: Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին շենքերը, հայկական խոհանոցն օգտագործել ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի, արթ-ակումբների և այլնի համար: Այգում նկարիչները կկարողանային ցուցադրել իրենց նկարները, ինչը կհամապատասխաներ ֆրանսիական Մոնմարտրին: