


Արմինֆո. Կամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի մինչև 300 հազար դրամ: Այդ մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ կատարած այցի ժամանակ՝ ծանոթանալու կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքներին:
Նա նաև հաղորդել է, որ 30%, 40% և 50% հավելավճարները կհաշվարկվեն արդեն այդ դրույքաչափից ելնելով, ինչը կնպաստի մանկավարժների վարձատրության համակարգի բարելավմանը:
Ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մասնագետների պատրաստման հարցին: Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելուն:
Նախարարը ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և սպորտային մարմնամարզության, հրաձգարանի, վոլեյբոլի դահլիճներում, ինստիտուտի Sport Lab գիտահետազոտական կենտրոնում, որտեղ իրականացվում են սպորտային ֆիզիոլոգիայի, կենսամեխանիկայի և վերականգնողական գիտության հետազոտություններ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութատեխնիկական բազայի զարգացման և մասնագետների պատրաստման հարցերում:



