
Արմինֆո. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը նախօրեին հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, բարեկամության խմբի նախագահն անդրադարձել է Հայաստանում կայացած միջազգային խոշոր միջոցառումներին, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին՝ խնդրելով դեսպանին մանրամասն խոսել դրանց մասին։
Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացմանը։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ու գրանցված արդյունքներին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին ու միջազգային դիտորդների եզրակացություններին։
Խոսել է Հայաստանում մայիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի մասին։ Առանձնացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 3-5-ին Հայաստան կատարած պետական այցը։ Կարևորել է այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում մի շարք կարևոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված Հայաստանի ջանքերը, ինչպես նաև ընդգծել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանն ուղղված զարգացումները։
Դեսպան Խաչատրյանը սենատորների ուշադրությունն է հրավիրել հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների վրա տնտեսական սահմափակումների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ կարևորելով այդ հարցում ինչպես ԵՄ, այնպես էլ Ֆրանսիայի աջակցությունը։
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ու անդամները վերահաստատել են Սենատի և բարեկամության խմբի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցությունը կազմել է 58,97 տոկոս։ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, բոլոր 2005 ընտրատեղամասերից ձայների հաշվարկի արդյյունքում խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը: Մյուս թեկնածուների արդյունքները ցածր են կուսակցությունների համար անհրաժեշտ 4 տոկոս, դաշինքների համար ՝ 8-10 տոկոս անցողիկ շեմից։
Նշենք, որ ընտրությունների օրը վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողներն ահազանգում էին իշխող ուժի կողմից քվեարկության կազմակերպման բազմաթիվ խախտումների մասին: Այսպիսով, Փաշինյանի կուսակցությունը հնարավորություն ունի միանձնյա ձևավորել երկրի կառավարությունը ՝ ստանալով Հայաստանի խորհրդարանում մանդատների մեծամասնությունը: Ինչի մասին նա հանդիսավոր կերպով հայտարարեց ուշ գիշերը, երբ մշակվել էին ընտրատեղամասերի ընդամենը 10%-ի տվյալները։