


Արմինֆո. Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, որքան էլ սարսափելի թվա, իրականում լիովին օրինաչափ է: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Գումաշյանը:
Նրա խոսքով՝ եթե երկրի վարչապետն իրեն թույլ է տալիս վիրավորանքներ և հարձակումներ կանանց նկատմամբ, ապա նույն կերպ են վարվում նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները իշխանության ավելի ստորին օղակներում։ «Եթե իշխանամետ ֆեյքային հաշիվների միջոցով կարելի է վիրավորել կանանց, ապա նույնպիսի դրսևորումներ մենք տեսնում ենք առօրյա կյանքում։ Փտած, կեղտոտ ու խեղված արժեհամակարգը դառնում է նորմ, և նման իրավիճակ է դիտվում բոլոր ոլորտներում։ Ատելության մթնոլորտը հասել է վախեցնող մակարդակի, և դրա դեմ պետք է պայքարել՝ մեր արժեքներն ու մշակույթը պահպանելու համար։ Մի՞թե հենց այսպիսին եք պատկերացնում ժողովրդավարությունը, որի մասին այդքան շատ է խոսվում»,- հայտարարել է Գումաշյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու նիստում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ։



