


Արմինֆո. Սոֆիայի կենտրոնի ամենագեղեցիկ փողոցներից մեկը՝ Պեյո Յավորովի շրջանում, այսուհետ պաշտոնապես կկոչվի Հայաստանի ծառուղի: Ինչպես հայտնում է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը, որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն՝ 33 «կողմ», 0 «դեմ» և 0 «ձեռնպահ» ձայներով:
«Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերն ու ամուր բարեկամությունը: Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ իրենց նվիրվածության և շարունակական ջանքերի համար, որոնց շնորհիվ այս նախաձեռնությունն իրականություն դարձավ՝ դառնալով հայ-բուլղարական պատմական բարեկամության խորհրդանիշ, ինչպես նաև Բուլղարիայում հայկական ներկայության և հայ համայնքի ներդրման գնահատանքի արտահայտություն», — ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:



