


Արմինֆո. Հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև:
Նիստի ընթացքում, որը վարում էր փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև սկսվել է փոխադարձ մեղադրանքներով ուղեկցվող բանավեճ:
Մասնավորապես, քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեղից սկսել են սուր քննադատություն հնչեցնել իշխող ուժի հասցեին: Ի պատասխան՝ Փամբուխչյանը նիստի մասնակիցներին կոչ է արել պահպանել կարգուկանոնը, սակայն վեճը շարունակվել է:
Լեզվակռվի ընթացքում փոխքաղաքապետը հայտարարել է, որ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդը անցնում է պետական դավաճանության գործով, և ընդդիմադիրներին հորդորել է զերծ մնալ նման հայտարարություններից: Դրանից հետո դահլիճում լարվածությունն էլ ավելի է մեծացել։ Ինչ-որ պահի, ընդդիմության կողմից թույլ տրված մտերմիկ-ընդգծված (ֆամիլիար) պահվածքից հետո, Փամբուխչյանը հայտարարել է, որ «վեճը կարելի է շարունակել նիստերի դահլիճից դուրս»:
Շուտով բանավոր հակամարտությունը վերածվել է քաշքշուկի, իսկ հետո՝ ծեծկռտուքի:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը միջադեպից հետո ծեծի հետքերով զրուցելով լրագրողների հետ՝ հայտարարել է, որ ծեծկռտուքի նախաձեռնողները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները։ Նրա խոսքով՝ իր վրա միաժամանակ հարձակվել են մի քանի հոգի, ինչը, նրա կարծիքով, բնութագրում է իշխող ուժի աշխատելաոճը։
Իր հերթին Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ միջադեպի պատճառը կոշտ քաղաքական հայտարարություններն ընկալելու և դրանց համարժեք արձագանքելու ընդդիմության անկարողությունն է:
Իրավիճակը կարգավորելու համար կոնֆլիկտին միջամտել են անվտանգության աշխատակիցները, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որից հետո նիստում ընդմիջում է հայտարարվել։



