


Արմինֆո.Համալսարանի լրիվ պաշտոնական անվանման փոփոխությունը միջպետական կրթական կազմակերպության նոր Կանոնադրության ստորագրման արդյունք է:
«Նոր Կանոնադրության ստորագրումը կարևոր փուլ դարձավ համալսարանի զարգացման և նրա գործունեության արդիական նորմատիվ-իրավական բազայի ձևավորման գործում: Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Կանոնադրությունը սահմանում է Հայ-Ռուսական համալսարանի՝ որպես միջպետական ուսումնական հաստատության իրավական կարգավիճակը, կառավարման համակարգը և գործունեության հիմնական սկզբունքները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անվանման փոփոխությունն արտացոլում է համալսարանի հատուկ միջպետական կարգավիճակը, որը ստեղծվել է և իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում: Նոր անվանումն ավելի լիարժեքորեն ընդգծում է համալսարանի իրավական բնույթը, նրա առաքելությունն ու դերը երկու պետությունների միասնական կրթական և գիտական տարածքի զարգացման գործում:
Նոր Կանոնադրությունը թույլ կտա ավարտին հասցնել համալսարանի նորմատիվ բազայի արդիականացման գործընթացը և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի բուհի հետագա զարգացման, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտակրթական համագործակցության ամրապնդման համար:
Ընդ որում, համալսարանը պահպանում է իր պատմական իրավահաջորդությունը, ակադեմիական ավանդույթները, կրթական ծրագրերը, միջազգային գործընկերությունները և գործունեության ռազմավարական ուղղությունները:
Հիշեցնենք, որ Երևանում Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) ստեղծվել է 1997 թվականին։ 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրվել է համալսարանի հիմնադրման պայմանների մասին միջկառավարական համաձայնագիր։ 1997 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական որոշումը Երևանում բուհի բացման մասին։



