


Արմինֆո. Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերությունների և արտերկրում ապրող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով Ֆրանսիայի պատվիրակ նախարար Էլեոնորա Կարուայի հետ քննարկել է երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները։
Ինչպես հայտնել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17) երկրի պատրաստվելու գործընթացը, որը Հայաստանը կհյուրընկալի 2026 թվականին, ինչպես նաև 2027 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքները։ Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում երկրների հնարավոր փոխգործակցության վերաբերյալ։
Բացի այդ, կողմերն ընդգծել են համաժողովին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովում բարձր մակարդակի ապահովման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում Աբիսողոմոնյանն ու Կարուան քննարկել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն ուղղված քայլերը և անդրադարձել առանցքային ոլորտներում համագործակցության ծրագրերին։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP-17), իսկ 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանի մայրաքաղաքը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։



