
Արմինֆո. 2026 թվականի հունիսի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն․, հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանը բացման խոսքում ներկայացրել է նախորդ նիստի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացված հանձնարարականների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին:
Քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին տվյալների համաձայն, 2024 թվականի օգոստոսի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 անձ, ընդ որում, շուրջ 300 մարդ սկսել է այդպիսին համարվել 2020 թվականի աշնանից մինչև 2023 թվականի աշուն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին սրացումից հետո։ Բոլոր տվյալները ԿԽՄԿ-ն հավաքել է անհետ կորածների հարազատների դիմումների հիման վրա։ ԿԽՄԿ-ից նաև հաղորդել են, որ այդ 300 անձանց թվում կան մի քանի տասնյակ դիմումներ, որոնք վերաբերում են այն դեպքերին, երբ ընտանիքը չի համաձայնել պետության ներկայացրած ԴՆԹ տվյալների հետ: