
Արմինֆո. Հունիսի 25-29-ը Երևանում և Գյումրիում տեղի կունենա կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։ Այդ մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Գուժ Թադեւոսյանը։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում՝ "Մառախուղը ցրվեց" ֆիլմով (ռեժիսոր ՝ Սեյեդ Ալի Ղասեմի, Իրան):
Այնուհետև փառատոնի միջոցառումները կշարունակվեն Գյումրիում: Մասնավորապես , հունիսի 28-ին ցուցադրություններն ու հանդիպումները տեղի կունենան TUMO-ի տարածքում, իսկ հունիսի 29-ին, ժամը 19:00-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։
Փառատոնի շրջանակներում նախատեսված են ստեղծագործական հանդիպումներ, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և համագործակցության նոր հնարավորությունների քննարկում:
Մրցութային ծրագիրը ներառում է խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի միջազգային ծրագիր, խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ազգային ծրագիր, խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ուսանողական ծրագիր:
Ընդհանուր առմամբ, կներկայացվի 22 երկրի արտադրության 39 ֆիլմ, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի, Իրանի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Լեհաստանի, Լիբանանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Հունգարիայի, Հորդանանի, Պաղեստինի, Իտալիայի, Շվեյցարիայի, Չինաստանի, Կանադայի, Ռումինիայի, Կաբո Վերդեի, Ղազախստանի և Նիդերլանդներից: Դրանցից 15 - ը ներկայացված են ազգային ծրագրում, իսկ 24-ը՝ միջազգային։ Ընդհանուր առմամբ, մասնակցության հայտ են ներկայացրել 95 երկրների կինոարտադրողներ:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի ժյուրիի նախագահն է կինոռեժիսոր, միջազգային հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Սոսո Բլիաձեն: Ժյուրիի կազմում են նաև դերասանուհի և պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը և կինոռեժիսոր Արշալույս Հարությունյանը: Հաղթողները կորոշվեն 12 անվանակարգերում:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2018 թվականին կինոռեժիսոր և պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի կողմից: Այն FilmFreeway հեղինակավոր հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող կինոփառատոնների թվում է։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սուրեն Թադևոսյանը, ծրագրային տնօրենը՝ ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը:
Միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Կինոփառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/YerevanShortFilmFestival/posts/pfbid0q8SCSpsBZpL6 4 V n 4 viMyhPBHc85yzPw Dy6TAzHza2gUY3hjAtq3EwLb Pa5L 6RpyAl։