


Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը կարծում է, որ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել ՀՀ քաղաքացիների մասնակցությունը ընտրական գործընթացներին:
«Ֆեյսբուքի» իր էջում քաղաքական գործիչը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով ԱԺ ընտրություններին և հանրաքվեին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանում։
«Բացում ես Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 1-ին մասում հստակ գրված է․ «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք»։
Այսինքն, չի կարող որևէ ձևով սահմանափակվել ընտրելու իրավունքը, և նման նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը։ Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին», - գրել է քաղաքական գործիչը։



