
Արմինֆո.Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։
Ժյուրիի նախագահը կլինի Ջեսիկա Հաուսները՝ ժամանակակից ավստրիական կինեմատոգրաֆի առաջատար դեմքերից մեկը։ Նրա ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննի և Վենետիկի կինոփառատոններում, իսկ ինքը՝ ռեժիսորը, լայն ճանաչում է ձեռք բերել ժանրային կինոյի նկատմամբ իր նորարարական մոտեցման շնորհիվ։
Մարկ Քազինսը իռլանդա-շոտլանդական կինոպատմաբան և ռեժիսոր է։ Նրա աշխարհահռչակ «Կինոյի պատմություն. Ոդիսական» վավերագրական սերիալը դարձել է ժամանակակից կինոքննադատության հիմնարար գործերից մեկը։ Նա բազմաթիվ գրքերի և վավերագրական ֆիլմերի հեղինակ է։
Նաուել Պերես Բիսկայարտը արգենտինացի դերասան է, ով առավել հայտնի է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեն Կամպիյոյի «Րոպեում 120 հարված» (2017) ֆիլմում գլխավոր դերակատարմամբ, որի համար արժանացել է «Սեզար» և «Լյումիեր» մրցանակների։
Մարկ Պերանսոնը կանադացի գրող է, պրոդյուսեր և կինոփառատոնների բազմամյա համակարգող։ Նա զբաղեցրել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի և Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավարի պաշտոնները։ Կինոյի մասին նրա հոդվածները տպագրվել են հեղինակավոր Sight and Sound, Film Comment, Cahiers du Cinema և այլ մասնագիտացված ամսագրերում։
Շերմին Լանգհոֆը գերմանա-թուրքական թատերական պրոդյուսեր է, ով 2013 թվականից զբաղեցնում է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Նրա ղեկավարությամբ թատրոնը երկու անգամ Գերմանիայում ճանաչվել է «Տարվա թատրոն» և արժանացել բազմաթիվ մրցանակների։
Հիշեցնենք, որ 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12-ից 19-ը։ Այս տարի փառատոնը կրկին կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր՝ աշխարհի տարբեր երկրների ֆիլմերի, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կինոփառատոններում, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնում, Բեռլինալեում (Բեռլինի կինոփառատոն) և այլուր ցուցադրված պատկերների մասնակցությամբ։
Փառատոնի օրերին Հայաստան կժամանեն կինոյի աշխարհահռչակ գործիչներ՝ ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, ովքեր հայ հանդիսատեսին կներկայացնեն իրենց փորձն ու արվեստը։
Կինոցուցադրությունների հարթակներ կդառնան «Մոսկվա», «Նաիրի» կինոթատրոնները և Կինոյի տունը։