


Արմինֆո.Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը քննարկել են երկու երկրների միջև կրթական համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Ինչպես հայտնել են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պարսկերենի դասավանդման մեթոդաբանության զարգացման և համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման հարցեր: Մկրտչյանը հավաստիացրել է, որ բուհը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանում պարսկերենի դասավանդման մեթոդաբանության զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում:
Ասադի Մովահեդը համալսարանի հետ համագործակցության մեկնարկը որակել է որպես կարևոր քայլ և ընդգծել դրա լայն հեռանկարները: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ներկայումս Հայաստանում շուրջ 4500 աշակերտ ուսումնասիրում է պարսկերեն, սակայն այս ոլորտի հիմնական խնդիրներից մեկը համապատասխան մասնագետների և դասավանդող ուսուցիչների սահմանափակ քանակն է։
Մշակույթի կենտրոնի խորհրդականն ընդգծել է Մանկավարժական համալսարանի մասնագիտական ներուժի կարևորությունը և առաջարկել զարգացնել պարսկերենի դասավանդման մեթոդաբանությունը՝ ներգրավելով բուհի գիտական և դասախոսական ռեսուրսները: Այս կապակցությամբ նա հայտնել է, որ իրանական կողմը պատրաստ է հրավիրյալ դասախոսներ ներգրավել և կազմակերպել մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են կրթական և մշակութային համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը:



