


Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և հետագայում կալանավորելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության երկու միջնորդությունները: Այդ մասին ԿԸՀ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան, "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ից այլ որոշում ակնկալելը խելամիտ չէր լինի։ "Հանձնաժողովը բավարարել է Գլխավոր դատախազության երկու միջնորդությունները ՝ չնայած դրա համար ողջամիտ հիմքերի բացակայությանը ։ Նույնիսկ, այն դեպքում, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձայնագրությունների հրապարակումից ի վեր Ղազինյանն ազատության մեջ էր, և քրեական վարույթի բոլոր նյութերը, ըստ էության, գտնվում էին հանրային տիրույթում: Հիմա հարցը քննելու է դատարանը", - հայտարարել է Վարդևանյանը։
Ընդ որում, նրա խոսքով, մեղադրանքի տեքստից ոչինչ պարզ չէ։ Փաստաբանը միայն հաղորդել է, որ գործը վերաբերում է "կաշառք տալու նախապատրաստմանը" ։ "Մեղադրանքի բովանդակությունը քաղաքական նպատակներ է հետապնդում։ Նման միջնորդություն ես դեռ չեմ տեսել, և երբեք նման դեպքի չեմ հանդիպել։ Ղազինյանը շատ լավ տեղյակ է եղել գործի մասին, չի խոչընդոտել, չի փորձել փախչել և չի փորձել հանցագործություն կատարել", - եզրափակել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 6-ին դիմել էր Գլխավոր դատախազություն ՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար: Կոմիտեում նման որոշումը հիմնավորել են ստաված տեղեկություններով, թե, իբր, "Դավիթ Ղազինյանն իրենց քաղաքական ուժի կողմնակիցների հետ ընտրակաշառք են տվել":
Վարդևանյանը, մեկնաբանելով իրավիճակը, պատմել է, որ գործը հարուցվել է հրապարակված ձայնագրության հիման վրա, որտեղ Ղազինյանի հետ որևէ առնչություն չունեցող երրորդ անձը, պարզապես, նշում է նրա անունը: Նա գործը որակել է անհեթեթ և համոզմունք է հայտնել, որ այն նպատակ ունի նպաստել վախի մթնոլորտի տարածմանը:



