


Արմինֆո. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքի մշակութային պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, այցը կազմակերպվել էր Երևանի և Լայպցիգի քաղաքապետերի միջև անցյալ տարի ստորագրված «Լայպցիգ և Երևան քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել երկու քաղաքների միջև մշակութային համագործակցությունն ու փոխանակումները։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լայպցիգի քաղաքապետարանի և քաղաքի առաջատար մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Այնուհետև պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-16 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ընդունվել է գրեթե միաձայն՝ մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել, մեկը դեմ է քվեարկել: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար:



