


Արմինֆո.Հայ փրկարարները հունիսի 17-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը:
Ինչպես հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության (ՆԳՆ ՓԾ) մամուլի ծառայությունից, մարմինը գտնվել է Փամբակ գետում՝ դեպքի ենթադրյալ վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա: Նրա 13-ամյա քրոջ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Գերատեսչությունից հիշեցրել են, որ աղջիկները կորել են հունիսի 15-ին: Այդ օրը, ժամը 17:05-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նրանք դուրս են եկել Վանաձորի Գրիգոր Նարեկացի փողոցներից մեկից և չեն հասել նախատեսված վայրը:
Ըստ աղբյուրի՝ տեղում որոնողական աշխատանքները համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Որոնումներում ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, կամավորներ, ջրասուզակներ, ինչպես նաև կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ:
Դեպքի վայրից ստացված հաղորդումների համաձայն՝ աղջիկները փորձել են գետն անցնել ձգված խողովակի վրայով, սակայն 7-ամյա աղջիկը սայթաքել ու ընկել է գետը, իսկ ավագ քույրը փորձել է օգնել նրան և նույնպես ընկել է ջուրը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։



