


Արմինֆո.ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով։
Համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերն ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների առնչությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ս․թ․ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:
«Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է ԲԸՏՄ հաղորդագրությունում։
Նշենք, որ սա առաջին նման դեպքը չէ ։ Լքված հանքահորից դեղնավուն ջրի արտահոսքի մասին հաղորդվել էր նաև 2022 թվականին։



