
Արմինֆո. Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է ավելի հիմնավորված կերպով պնդել,որ խաղաղության գործընթացը պետք է շարունակվի՝ առանց հանրաքվեն նախապայման դարձնելու։
Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, խոսելով այն մասին, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ինչ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա։
«Առանցքային հանգամանքներից մեկն այն է, որ իշխող ուժը խորհրդարանում չունի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը։ Սա զգալիորեն բարդացնում է սահմանադրական հանրաքվեի կազմակերպման հնարավորությունը։
Թեև տեսականորեն գոյություն ունեն հանրաքվե նախաձեռնելու այլ մեխանիզմներ, դրանց քաղաքական գինը կարող է չափազանց բարձր լինել, իսկ արդյունքը՝ անկանխատեսելի։ Հատկապես այն պայմաններում, երբ սոցիալ-տնտեսական մարտահրավերները կարող են խորանալ նաև Մոսկվայի վերջին քայլերի ֆոնին։
Առաջին հայացքից սա կարող է թվալ որպես լուրջ խոչընդոտ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի համար։ Սակայն քաղաքականության մեջ յուրաքանչյուր ճգնաժամ նաև նոր հնարավորություններ է ստեղծում։
Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է ավելի հիմնավորված կերպով պնդել, որ խաղաղ գործընթացը պետք է շարունակվի՝ առանց հանրաքվեն նախապայման դարձնելու։ Միաժամանակ ստեղծվում են նաև լրացուցիչ հնարավորություններ՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը որոշ ուղղություններով արագացնելու համար։
Հնարավոր է, որ հենց այս տրամաբանությունն է արտացոլվել հետընտրական շրջանում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին շփումներում։ Նման մոտեցման հիմնավորվածության մասին են վկայում նաև եվրոպացի փորձագետների և ԵՄ ներկայացուցիչների հետ վերջին շրջանում ունեցած մեր քննարկումները, որոնց ընթացքում Հայաստանի նոր քաղաքական իրավիճակի այս մեկնաբանությունը գնահատվել է որպես բավականին իրատեսական և գործնական», - գրել է փորձագետը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները: Ըստ նրա, ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,9 տոկոս կամ 1 մլն 476 769 քաղաքացի ։ Հայաստանի խորհրդարան են անցնում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ՝ ընտրողների ձայների 49,7456% - ով, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը ՝ 23,2710% - ով, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստանը" ՝ 9,9231% - ով: Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը ձայների վերահաշվարկի արդյունքում չի կարողացել հաղթահարել խորհրդարանի 4 տոկոսի անցողիկ շեմը՝ ստանալով ընդամենը 3,9893 տոկոս:
Ծառուկյանի կուսակցությունը չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը՝ այն բանից հետո, երբ ԿԸՀ-ը չեղյալ է համարել քվեարկության արդյունքները երեք ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ստացել է 200-ից ավելի ձայն: Նիստի ժամանակ Հովակիմյանը հավաստիացրել է, որ այդ տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա եւ հրաժարվել է կազմակերպել կրկնակի քվեարկություն նշված տեղամասերում: Այսպիսով, ըստ Հովակիմյանի, մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․ Փաշինյանի կուսակցությունը' 64 մանդատ եւ 3/5 սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում: Կարպետյանի դաշինքը՝ 29 մանդատ, և Քոչարյանի դաշինքը ՝ 12 մանդատ։
Հավելենք, որ Արցախի բռնազավթումից հետո Բաքվից հաճախ են հնչում Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջներ՝ այն պատճառով, որ այնտեղ, իբր տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանն այդ պահանջն առաջ է քաշում որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմաններից մեկը։