
Արմինֆո.«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ժամը 13:00-ին մեր բոլոր սրտացավ քաղաքացիներին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրներին կոչ ենք անում հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ բարձրացնելու մեր արդար բողոքի ձայնը տեղի ունեցող անարդարության և ամենաթողության դեմ: Մեր քաղաքացիներին զրկում են ազատ կամարտահայտման իրավունքից, և ձայների այս գողությունը չպետք է անպատիժ մնա», - Facebook-ի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Հրաչյա Ռոստոմյանը:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես է եկել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով բոլոր օրինական ճանապարհներով արդարության հասնելու և ընտրողների շահերն ու արդարությունը պաշտպանելու մտադրության մասին։
«Մենք դուրս ենք եկել ազնիվ քաղաքական պայքարի, սակայն մեր դեմ ձեռնարկվել և շարունակում են ձեռնարկվել բոլոր հնարավոր ապօրինի գործողությունները։ Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շարունակելու ենք պաշտպանել ձեր վստահության քվեն օրենքով չարգելված բոլոր միջոցներով։ Սա արդեն միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանում հետընտրական բոլոր զարգացումների, բոլորիս խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով մեր բոլոր ընդդիմադիր գործընկերների հետ։
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին և լրատվամիջոցներին, ովքեր անցած գիշերվանից իրենց աջակցությունն են հայտնել մեզ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսում է քայլերի շարք՝ ուղղված արդարության և ընտրողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև կառավարության հակաօրինական գործողություններին հակազդելուն։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական գործընթացների ուղղությամբ։ Մենք քաղաքական խորհրդակցություններ ենք սկսում քաղաքական ուժերի հետ՝ համատեղ ծրագիր և քայլեր մշակելու համար», - հայտարարել է Ծառուկյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է «ԱրմԻնֆո»-ի թղթակիցը, ԲՀԿ-ի այս կոչից հետո ՀՀ ԿԸՀ շենքի մոտ են բերվել Հայաստանի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները:
Նկատենք, որ ավելի վաղ ՀՀ ԿԸՀ-ն հայտնել էր երկու ընտրատեղամասերում ձայների արդյունքների չեղարկման մասին: Դա իր հերթին կրկին հարցականի տակ է դրել Ծառուկյանի կուսակցության՝ երկրի խորհրդարան անցնելու հնարավորությունը: Փորձագետներն արդեն իսկ ԿԸՀ այս քայլերն անվանել են ապօրինի։