


Արմինֆո.Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիր: Այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 270 միլիոն դոլար։ Ծրագրի շրջանակներում մշակվել է գործողությունների պլան, որով նախատեսվում է ներդնել լիճը կեղտաջրերից մաքրող 42 կայան, արդիականացնել գործող 3 կայանները և կառուցել 1030 կիլոմետր երկարությամբ թափոնների հեռացման ցանց։ Նախարարը նշել է, որ իրականացվել են նաև լճի ֆլորայի և ֆաունայի լայնածավալ հետազոտություններ։
Սևանում ձկան պաշարների հաշվարկման նպատակով հատկացվել է 25 միլիոն դրամ։ Հաշվարկի իրականացումից հետո 2025 թվականի համար սիգի որսաչափը սահմանվել է 1123 տոննա, ինչը 436 տոննայով գերազանցում է 2024 թվականի որսի ծավալները։ Որսի թույլտվությունների տրամադրումից ստացվել է մոտ 72 միլիոն դրամ։



