
Արմինֆո. Հունիսի 12-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկությամբ եկել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ ԱՐեգնազ Մանուկյանի բնակարան։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Մանուկյանն իր Facebook-յան էջում համապատասխան տեսանյութ է հրապարակել։
Հրապարակված տեսագրությունում երևում է, թե ինչպես է կուսակցության վարչության անդամը խնդրում իրեն ցույց տալ խուզարկություն իրականացնելու թույլտվությունը, սակայն, դրա փոխարեն, Հայաստանի Քննչական կոմիտեի (ՔԿ) ներկայացուցիչը միայն ցույց է տալիս իր վկայականը և առանց թույլտվության ներս է մտնում բնակարան։ «Մենք ունենք խուզարկություն կատարելու դատարանի թույլտվություն: Դադարեցրեք նկարահանումը», - հայտարարել է նա։
Թույլտվությունը ցույց տալու Մանուկյանի հերթական խնդրանքին ՀՀ ՔԿ ներկայացուցիչը կրկին պատասխանել է, որ այն առկա է, սակայն այդպես էլ չի ցուցադրել: Դրանից հետո տեսանյութում լսվում է, թե ինչպես է Մանուկյանը խնդրում ձեռք չտալ իր հեռախոսին, ինչից հետո անջատում է տեսագրությունը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամը, ով Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավորության թեկնածու է, արդեն գտնվում է քննչական բաժնում։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնել էր Անդրանիկ Թևանյանի նկատմամբ «պետական դավաճանության և լրտեսության» փաստով քրեական գործի հարուցման մասին։ Թևանյանին մեղսագրվում է 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա պետությանը պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության փոխանցում։ Իսկ մայիսի 24-ի գիշերը դատարանի որոշմամբ Թևանյանը երկամսյա կալանքի է ենթարկվել։ Ընդ որում, Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով, իր պաշտպանյալին կալանավորելու համար որևէ իրավական հիմք չի եղել։ Հավելենք, որ ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով։ Ինքը՝ Թևանյանը, աբսուրդային է անվանել քննության այս պնդումները՝ նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, հետևաբար, Քննչական կոմիտեի նման պնդումները հիմքեր չունեն։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները Մանուկյանին մեղադրում են Անդրանիկ Թևանյանի «տեղեկատուն» լինելու մեջ։ Մասնավորապես, ըստ քննության վարկածի, «հենց Մանուկյանն է Թևանյանին փոխանցել տեղեկատվություն Հայաստանի խորհրդարանի 2024 թվականի ապրիլին կայացած փակ նիստից»։ Նշենք, որ Արեգնազ Մանուկյանը պատգամավորական մանդատը վայր է դրել 2025 թվականի սեպտեմբերին։
Հատկանշական է, որ Հայաստանի Քննչական կոմիտեի կողմից քրեական գործի հարուցումից մեկ օր առաջ՝ մայիսի 20-ին, Վանաձորում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Թևանյանը հայրենիքի դավաճան է։ Նա հավելել էր, որ մայիսի 21-ին «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործն ուղարկելու է Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի «Հայրենիքի դավաճանություն» հոդվածով»։ Այնուհետև հայաստանյան վարչապետը կրկին խոստացել էր «վերջնականապես և ամբողջությամբ արմատախիլ անել «լրտեսական ցանցը» Հայաստանում»։