


Արմինֆո.Բուլղարիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը արդյունավետ հանդիպում է ունեցել «Bulgaria Air»-ի ղեկավարության՝ ավիաընկերության գլխավոր տնօրեն Բիստրա Մարինկովայի, կոմերցիոն տնօրեն Իվան Իվանովի, ցանցի պլանավորման և զարգացման տնօրեն Մոմչիլ Իվանովի և ֆինանսական տնօրեն Ստոյկո Ռադիևի հետ։
Ինչպես հայտնում է Բուլղարիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում դեսպան Համբարձումյանն ընդգծել է Հայաստանի և Բուլղարիայի, հատկապես Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթների կարևորությունը։
Նա նաև նշել է Բուրգասի և Երևանի միջև սեզոնային չարտերային չվերթների կարևորությունը, սակայն հավելել է, որ միայն ամառային շրջանում իրականացվող չվերթները բավարար չեն երկկողմ տուրիզմի, տնտեսական համագործակցության, մշակութային փոխանակման և ապրանքաշրջանառության զարգացման համար։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Բուլղարիայի միջև մշտապես զարգացող ու ընդլայնվող ռազմավարական հարաբերությունների, առևտրի ծավալների և զբոսաշրջային հոսքերի շուրջ։
Նրանք պայմանավորվել են համատեղ աշխատել համագործակցության հնարավորություններն ավելի խորն ուսումնասիրելու և ապագա ծրագրերը ուրվագծելու ուղղությամբ։



