


Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանել երկրի իրավապահ մարմինների կողմից գործող օրենսդրության խախտման փաստը, որոնք առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան թույլտվության ձերբակալել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության երկու թեկնածուների։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մեծ թվով անձանց նյութական շահագրգռվածության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության երկու թեկնածուներ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Մինչդեռ, ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, պատգամավորության թեկնածուն չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել կամ կալանավորվել առանց Կենտրոնական ընտրական հանձնախմբի համաձայնության։
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ թե՛ դատախազությունը, թե՛ Քննչական կոմիտեն իրավիճակին շատ ավելի լավ են տիրապետում, քան ինքը, և այդ պատճառով չի կարող մեկնաբանել տեղի ունեցածը։
Պատասխանելով այն հարցին, թե երբ է հրապարակվելու նոր Սահմանադրության նախագիծը, Գալյանը նշել է, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Նրա խոսքով՝ նախօրեին փաստաթղթի հրապարակման հարցը քննարկվել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։
«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս, ամփոփումից հետո, փաստաթուղթը կհրապարակվի։ Մենք սպասում ենք կարծիքների, որոնցով պետք է կիսվեն մեր որոշ գործընկերներ։ Մեզ ևս մեկ կամ երկու շաբաթ կպահանջվի դրանք ամփոփելու համար։ Դրանից հետո կանցկացնենք ևս մեկ-երկու քննարկում և կորոշենք՝ պատրա՞ստ ենք հրապարակել տեքստը, թե՞ ոչ»,- ասել է Գալյանը՝ հավելելով, որ փաստաթուղթը մինչ այժմ չէր հրապարակվել հենց այն պատճառով, որ գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն էին հասցրել ամբողջությամբ ծանոթանալ դրա բովանդակությանը։
Նշենք, որ դեռևս 2026 թվականի մարտին Գալյանը հայտարարում էր, որ Սահմանադրության նոր տեքստի վրա աշխատանքներն ավարտված են։ Այդ ժամանակ նա պնդում էր, որ այն կհրապարակվի մինչև նույն ամսվա վերջ։



