


Արմինֆո.2025 թվականի ընթացքում մերժվել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ 805 դիմում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Խաչատուր Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը կարգավորվում է Սահմանադրությամբ և «Քաղաքացիության մասին» օրենքով։ Քաղաքացիները դիմում են լիազոր մարմին՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ, որից հետո եզրակացություն է ներկայացնում նախագահին։ Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում մերժվել է քաղաքացիություն ստանալու 805 դիմում։
Այն հարցին, թե մերժումներից քանիսն են վերաբերում արցախցիներին, Պողոսյանը նշել է, որ նման վիճակագրություն չի վարվում, սակայն, իր ունեցած տեղեկություններով, նման դեպքերը գործնականում բացառված են։ «Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գործերը քննում է հատուկ ռեժիմի պայմաններում՝ սեղմ ժամկետներում, և իմ հիշողության մեջ նման մերժման որևէ դեպք չկա»,- ասել է նա։



